Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ՙԱՐՑԱԽՖՐՈՒՏ՚. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՐԱԿԸ` ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

19_09_01.jpgԳյուղատնտեսության և ընդհանրապես երկրի տնտեսության զարգացումն անհնարին է պատկերացնել առանց վերամշակող ձեռնարկությունների: Վերջին տարիներին այգեգործությունը, բանջարաբուծությունը որպես շահավետ բիզնես դիտարկող արցախցու համար ՙԱրցախֆրուտ՚ ՓԲԸ-ի ստեղծումը խիստ կարևոր ու ողջունելի քայլ էր:  Հանրապետությունում պտուղ-բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող միակ  խոշոր այս ընկերությունը ստեղծման առաջին իսկ տարում գրավել է սպառողների ուշադրությունը ոչ միայն տեղական շուկայում:

Արցախֆրուտ՚ ապրանքանիշը շուկային ներկայանում է 2008 թվականից, սակայն այս կարճ ժամանակաընթացքում, կարելի է ասել, մեր ընկերությունը լուրջ առաջընթաց է արձանագրել։ Եթե 2010 թ. նրա կողմից արտադրվել է 600 հազար բանկա պահածո, անցյալ տարի՝ 800 հազար, ապա այս  տարի այդ թիվը ձգտում ենք հասցնել 1 միլիոնի,- ասում է ընկերության գործադիր տնօրեն Արարատ Միրզոյանը: - Մեր արտադրանքը  հենց սկզբից էլ աշխույժ հետաքրքրություն առաջացրեց շուկայում՝  գրավելով առաջատար դիրք: Տարեցտարի  մեծացել է և՜ արտադրանքի ծավալը, և՜ տեսականին՚: 2011թ.-ի ընթացքում,  Ա. Միրզոյանի տեղեկացմամբ, ընկերությունն ունեցել է մոտ 500 մլն դրամի արտադրանք,  նույն ժամանակահատվածում իրացվել է ավելի քան 400 մլն դրամ ընդհանուր արժողությամբ պատրաստի արտադրանք, որի մոտ 90 տոկոսն իրացվել է արտերկրում: Տնօրենի խոսքերով՝ ընկերությունը սպառման շուկայի պարբերական ուսումնասիրություններ է կատարում, որի արդյունքում պարզվել է, որ առավել պահանջված են հատկապես Արցախում աճող հատապտուղների ու  մրգերի մուրաբաներն ու ջեմերը, ինչպես նաև՝ խորոված բանջարեղենի պահածոները, խաղողի տերևը, պոմիդորի, բամիայի, ծիծակի թթուները: Նախորդ տարում  գործարանում բացվել է մուրաբաների արտադրության առանձին արտադրամաս: Ներկա դրությամբ ընկերությունում  արտադրվող շուրջ 40 ապրանքատեսակներից են բանջարեղենի պահածոները, մարինադները, մուրաբաները, ջեմերն ու օշարակները:                                                                                                        
Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` բանջարաբոստանային հումքի մի մասը  մատակարարում է հիմնադրամը: Հումքի առումով ընկերությունում նախապատվությունը տալիս են արցախցի ֆերմերների ու գյուղացիների արտադրանքին: Կան պահածոներ, որոնց համար հումք ներկրվում է  նաև Հայաստանից, դրանք այն մշաակաբույսերն են, որոնք մեր պայմաններում կամ չեն աճում, կամ էլ  ծավալները փոքր են: Մթերվող ապրանքների գումարները կանխիկ կերպով անմիջապես վճարվում են տեղում: Տարին աննախադեպ բերքառատ էր, այդ իսկ պատճառով, ի տարբերություն նախորդ տարիների, ընկերությունը մթերման խնդիրներ չունի, ՙԱրցախֆրուտն՚ այսօր էլ շարունակում է մթերում իրականացնել: Գործադիր տնօրենի խոսքերով՝ առայսօր մթերվել է ավելի քան 300 տոննա տարբեր տեսակի պտուղ-բանջարեղեն: Ընկերությունն ունի առավել շատ գյուղմթերք ընդունելու հնարավորություն: Տարեցտարի զգացվում է կազմակերպված մթերման առաջընթացը, ինչը ֆերմերների մոտ նվազեցնում է բերքի իրացման հետ կապված մտավախությունը, չնայած դրան, տնօրենն արտադրանքի քանակն ընդլայնելու առնչությամբ որոշակի մտահոգություններ ունի։ ՙՄենք աշխատում ենք այնպիսի հումքի հետ, որը հնարավոր չէ մի տեղում կուտակած պահել՝ հետագայում օգտագործելու համար. սառնարաններ, իհարկե, կան, սակայն նրանցում երկար մնացած միրգն ու բանջարեղենը ինչ-որ չափով կորցնում են  որակական հատկանիշները,- ասաց նա։- Եղանակային պայմանները շատ հաճախ խանգարում են մեզ. ընկնում է հումքի որակը, բացի այդ, հանկարծահաս ցրտերի պատճառով շատ գյուղացիներ փակված են համարում գյուղատնտեսական տարին՝ ընդհատելով դաշտային աշխատանքներն ու բերքի իրացումը՚: Ընկերության գործադիր տնօրենը նշեց, որ շուկայում որոշ ապրանքատեսակների սակագների բարձրացումը ազդել է նաեւ հումքի սակագների վրա: Բանջարեղենի սակագնի բարձրացմանը զուգահեռ՝ նկատելիորեն աճել են նաև հատապտուղների սակագները: Մեր դիտարկմանը՝ կապված ՙԱրցախֆրուտի՚ արտադրանքի որոշ տեսակների` ՀՀ-ում արտադրվող նույնանուն ապրանքատեսակներից նկատելիորեն թանկ վաճառելու հետ, գործադիր տնօրենը  հետևյալ պարզաբանումը տվեց. ՙՈրքանով տեղյակ եմ, անցյալ տարի, օրինակ, Արտաշատի պահածոների գործարանը գյուղացուց պոմիդորը գնում էր 30-50 դրամով, մինչդեռ մենք  80 դրամով էինք գնում, բադրիջանը նրանց մոտ 25-30, մեզ մոտ 70 դրամով էր ընդունվում, այդկերպ մենք փորձում ենք շահագրգռել գյուղացուն: Գաղտնիք չէ, որ հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, վերջերս այցելելով գործարան, նշել էր, որ ՙԱրցախֆրուտի՚ և գյուղմթերք արտադրողների միջև համագործակցությունը կաղում է, և  անհրաժեշտ է ակտիվացնել համապատասխան աշխատանքներն ընկերության եւ գյուղացիական տնտեսությունների հետ կապերի ստեղծման ուղղությամբ: Հումքի թանկացմանը զուգահեռ` բարձրացել են նաեւ մի շարք օժանդակ նյութերի (ձեթ, քացախաթթու, աղ, տոմատի մածուկ, շաքարավազ)  սակագները, դրան գումարած՝ նաև ապակյա տարաների ներկրման ծախսը՚: Աշխատանքը սեզոնային է, այդ պատճառով աշխատուժի քանակը փոփոխվում է: Ներկա պահին գործարանն ունի մոտ 100 աշխատող, լինում են ամիսներ, երբ նրանց թիվն ավելանում է՝ հասնելով 150-ի: Աշխատողները ստանում են միջինը 80-100 հազար դրամ աշխատավարձ:  Սեզոնային ամիսներին գործարանը հումքը ժամանակին և անկորուստ վերամշակելու համար երեք հերթով է աշխատում՝ աշխատողներին տալով ցանկացած հերթ ընտրելու հնարավորություն: 
ՙԱրցախֆրուտի՚ արտադրանքն այսօր  մեծ պահանջարկ ունի արտաքին շուկայում: Մեր պահածոներն արտահանվում են ՀՀ, ՌԴ, ԱՊՀ մի շարք այլ երկրներ, Ֆրանսիա, Ուկրաինա, Դուբայ, Հունգարիա և այլն: Արտահանվող արտադրանքի ծավալներից ելնելով` առաջին տեղում Ռուսաստանն է՝ իր տարբեր տարածաշրջանային կենտրոններով: Ռուսաստանյան սպառողների շրջանում ճանաչում ձեռք բերած արտադրանքն այժմ  իրացվում է նաև Աբխազիայում: Այս ամենն, իհարկե, մշտապես ուղեկցվում  է ադրբեջանական կողմի հիստերիկ հայտարարություններով ու բողոքի նոտաներով, որոնցով նա պահանջում է արգելել ղարաբաղյան արտադրանքի վաճառքն այդ երկրներում, իսկ արտերկրում բնակվող իր քաղաքացիներին վերջերս հորդորել է բոյկոտել ՙԱրցախֆրուտ՚ ընկերության արտադրանքը, քանի որ պահածոների վրա որպես արտադրման վայր նշված է  Ստեփանակերտը: Ի պատասխան հարևան երկրում բարձրացված աղմուկի, ՙԱրցախֆրուտը՚ շարունակում է արտահանման շուկաներում վաճառքների ծավալների շարունակական աճն ապահովելու և արտադրական ծավալների ընդլայնման քաղաքականությունը: ՙՄոսկվայից, ՌԴ այլ քաղաքներից մենք բազմաթիվ դրական գնահատականներ ենք ստանում մեր արտադրանքի որակային  ու համային հատկանիշների մասին, հաճախ են ասում` ձեր արտադրանքը թանկ է, բայց գնորդները հենց դա են պահանջում՚,- ուրախությամբ նշում է Ա. Միրզոյանը: Վերջերս ճանաչողական այցով երկրի վարչապետի և նախարարների հետ գործարան էր այցելել պատվիրակություն Մերձդնեստրից: Ա. Միրզոյանի խոսքերով, հյուրերը տպավորված էին վերջին մի քանի տարում մեզ մոտ գյուղատնտեսության ոլորտի ձեռքբերումներով: Ընկերության արտադրանքի մեջ որպես նորույթ  գործադիր տնօրենը նշեց արցախյան հատապտուղների ու մրգերի կոմպոտների արտադրությունը, որն ընդլայնելու նախադրյալներ կան: Ա. Միրզոյանը վստահեցրեց նաև, որ ընկերության  որակական չափանիշները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Գործարանն ունի ISO (Ստանդարտացման միջազգային կազմակերպություն) միջազգային սերտիֆիկատ: Ամեն տարի տեղում ստուգումներ է իրականացնում Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտը` երկու տարին մեկ ՙԱրցախֆրուտին՚ տրամադրելով համապատասխանության սերտիֆիկատ:
Արտադրության ողջ տեխնոլոգիական ցիկլն իրականացվում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող բարձրորակ սարքավորումների միջոցով, արտադրանքի և աշխատանքի բարենպաստ պայմաններով: Ամեն տարի ընկերությունն իր արտադրանքով մասնակցում է ցուցահանդեսների ՀՀ-ում, ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրներում կազմակերպվող միջազգային տոնավաճառներին:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ